Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2010

Սեռական կյանքի ցավոտ կողմերը

Սեռական կյանքի ցավոտ կողմերը

Պատուհանից այն կողմ հետզհետե մթնում է, սիրելիդ նայում է քեզ ու ժպտում` ակնկալելով այն վայելքները, որ քիչ անց տեղի են ունենալու ձեր ննջարանում: Բայց ուրախանալու փոխարեն դու սկսում ես նյարդայնանալ ու վախենալ, որովհետև վերջին մի քանի սեռական ակտերի ընթացքում միայն ցավ ես զգացել, սակայն նույնքան ցավալի է նաև սիրելի մարդուն մերժելը...

 

Եվ սկսվում են սթրեսները, նևրոզները, ընտանեկան վեճերը և այլն: Ներկայիս տվյալներով` նման իրավիճակի մեջ հաճախ հայտնվում են ակտիվ սեռական կյանքով ապրող կանանց վաթսուն տոկոսը, սակայն բոլոր խնդիրներն էլ կարելի է լուծել` դրանք ժամանակին բացահայտելով: Այնպես որ, սկզբում փորձիր պարզել, թե մասնավորապես որ մասում ես ցավ զգում:

 

Ցավ արտաքին սեռական օրգանների շրջանում: Դու զգում ես մաշկի գրգռվածություն և ցավ արտաքին սեռական օրգաններում: 

 

Ֆիզիկական պատճառները կարող են կապված լինել սեռական շուրթերի կամ հեշտոցի լորձաթաղանթի բորբոքման հետ: Դրանց հիմնական պատճառներն են վիրուսային կամ սնկային վարակները (հատկապես, եթե չեն պահպանվում անձնական հիգիենայի կանոնները), հաճախ նաև անտիբիոտիկների անկանոն ընդունումը, հղիությունը, հորմոնային հակաբեղմնավորիչների օգտագործումը: 

 

Հուզական պատճառները: Ցավը կարող է առաջանալ զուգընկերոջից ենթագիտակցաբար խուսափելու պատճառով, քանի որ դու ամեն անգամ հիշում, մտածում ես ցավի մասին և կարծես նախազգում այն, ուստի շատ կարևոր է այդ խնդիրների մասին սիրելի տղամարդու հետ ազատ ու անկաշկանդ խոսելը: Պետք չէ լուռ տառապել` մտածելով, որ դա նորմալ է: Միասին գնացեք բժշկի:  

 

Ցավ հեշտոցում: Տհաճ զգացողություններ են սեռական ակտի ժամանակ:

 

Ֆիզիկական պատճառները: Սրանք կարող են լինել մի քանիսը: Եթե զուգընկերդ շատ է շտապում, և չես հասցնում բավականաչափ գրգռվել, հեշտոցի չորությունը հանգեցնում է տհաճ զգացողությունների: Նման խնդիր կարող են առաջացնել նաև հորմոնային տեղաշարժերը` կապված երեխայի կերակրման, հակաբեղմնավորիչների անկանոն ընդունման հետ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ պրոգեստերոն: Լուրջ պատճառ է նաև կլիմաքսը: Եթե հորմոնային փոփոխությունների պատճառով բավականաչափ չես գրգռվել, միևնույն է, հեշտոցը չոր է մնում:

 

Երբեմն ցավի պատճառ կարող է լինել վագինիզմը` սեռական ակտի ժամանակ հեշտոցի մկանների ջղակծկումը: Բայց դա ավելի շուտ հոգեբանական խնդիր է, որով տառապում են այն կանայք, որոնք չեն կարողանում մոռանալ կուսաթաղանթի գերցավոտ պատռման մասին

«հեքիաթները»:  

 

Հուզական պատճառները: Հնարավոր է, որ զուգընկերոջ հետ ունեցած անկայուն հարաբերությունները թույլ չեն տալիս թուլանալ և սեքսից հաճույք ստանալ: Հոգեպես միշտ լարված ես: Պատճառը կարող է լինել նաև ցածր ինքնագնահատականը, և դու ի վիճակի չես գրգռվել միայն այն պատճառով, որ քեզ ցանկալի չես համարում:

 

Մասնագիտական տերմինաբանությամբ, սեռական ցավոտ հարաբերությունը կոչվում է դիսպարեունիա կամ գենիտալգիա, որն առաջանում է սեռական ակտի ժամանակ կամ դրանից հետո: 

 

Ցավ կարող է առաջանալ նաև այն ժամանակ, երբ սեռական մերձեցման փորձ է կատարվում անբավարար սեռական գրգռման կամ սադոմազոխիստական գործողությունների դեպքում: Դիսպարեունիան երբեմն կապված է լինում հեշտոցի և շեքի մկանների լարվածության հետ, որն առնանդամի ներհրման համար մեծ դժվարություններ է առաջացնում` ներհրումներ կատարելիս լորձաթաղանթը վնասվում է, և ցավեր են սկսվում հեշտոցի, փոքր կոնքի և արտաքին սեռական օրգանների շրջանում: 

 

Կնոջ սեռական պահանջներին և նախընտրություններին չհամապատասխանող աններդաշնակ սեռական կյանքը կարող է ուղեկցվել բացասական հույզերով` տհաճության, նողկանքի զգացումով և այլն: Նման դեպքում սեքսուալ հուսախաբություններով պայմանավորված տհաճ զգացողությունները կնոջ կողմից ընկալվում են իբրև ցավ և շարունակաբար կրկնվելով` դառնում սեռական հարաբերություններից խուսափելու պատճառ: 

 

Ինչպես արդեն նշվեց, կնոջ սեռական կյանքի որակը մեծապես պայմանավորված է միջանձնային հարաբերություններով: Տարաձայնությունների մասին խոսելու անկարողությունը, կապված կնոջ անինքնավստահության և չափից դուրս համեստության, ամոթխածության հետ, բերում է «մարմնի լեզվի» ակտիվացմանը: Սեռական մերձեցման ժամանակ ցավի առաջացումը զուգընկերոջը լուռ մերժելու դրսևորում է:

 

Սեռական ցավոտ ակտի հոգեբանական ծագմանը բնորոշ է ընտրողական բնույթը, այսինքն` սեռական հարաբերությունը ցավոտ է լինում միայն կոնկրետ զուգընկերոջ հետ մերձեցման փորձի և ի սպառ բացակայում այլ տղամարդկանց հետ սեռական հարաբերության ժամանակ: Եթե կինը բացասական վերաբերմունք ունի սեքսի հանդեպ ընդհանրապես, ապա դիսպարեունիայի առաջացումը կապված չէ զուգընկերոջ անձնային հատկանիշների հետ: 

 

Ինչպես հայտնի է, սեքսուալության զարգացման վաղ փուլերում մեծ նշանակություն ունեն երեխայի փոխհարաբերությունները մոր հետ: Այս շրջանում մայր-երեխա շփման միակ և գլխավոր միջոցը տակտիլ` շոշափողական զգացողությունն է, որի ընթացքում երեխայի խնամքի ժամանակ մայրը փոխանցում է ամենատարբեր զգացմունքներ` սեր, ջերմություն, որոնք առողջ սեռականության ձևավորման հիմնական պայմաններն են: Սեռական ակտի նկատմամբ զզվանք և ատելություն սերմանելու դեպքում աղջիկների մոտ ի հայտ է գալիս ՙդեֆիցիտային՚ սեռականություն, որը դրսևորվում է տղամարդկանց հետ շփման ժամանակ տագնապի և վախի զգացումով և առավել ակնհայտ դառնում սեռական մերձեցման ընթացքում: Ի վերջո, հակասեքսուալ դաստիարակության հետևանքով ձևավորվում են սեքսի նկատմամբ վարքի բացասական կարծրատիպեր: Սեռական հարաբերության հետ կապված ամեն ինչ նրանք ընկալում են իբրև ոչ կարևոր, ոչ պետքական, երբեմն նույնիսկ` նողկալի: Այդ է պատճառը, որ հետագայում սեռական հարաբերության ընթացքում առաջանում են բացասական հույզեր, որոնք ուղեկցվում են տհաճ զգացողություններով և ցավով:

 

Հաճախ հոգեբանական բնույթի դիսպարեունիան պայմանավորված է լինում կնոջ անձի առանձնահատկություններով: Սովորաբար նման կանայք ինֆանտիլ են` մանկամիտ և զգացմունքային առումով ոչ հասուն: Նրանց բնորոշ են համեստությունը և երկչոտությունը: Ապացուցված է, որ նման բնավորության գծերով օժտված անձանց ցավի ընկալման շեմը շատ ցածր է, այսինքն` ցավի նկատմամբ զգայունությունը բարձր է:

 

Այսպիսով` հոգեբանական բնույթի դիսպարեունիան առաջանում է ամուսնական և սեռական աններդաշնակ հարաբերությունների ֆոնի վրա, հատկապես, երբ կինն ունի փսիխոսեքսուալ զարգացման խանգարումներ և անձնային որոշակի առանձնահատկություններ:

 

Եթե ձեր ինտիմ հարաբերությունները միայն ցավ են պատճառում, ուրեմն հիշեք, որ համբերությունը կարող է միայն վնասել առողջությանը և վտանգել հարաբերությունները: Կարևոր է հասկանալ, որ այդ խնդիրները լուծելի են: Պարզապես պետք է խուճապի չմատնվել, չհաշտվել իրավիճակի հետ և հնարավորինս շուտ դիմել բժիշկ-սեքսոպաթոլոգի օգնությանը:

Հեղինակ. Վրեժ Շահրամանյան Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ